«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻՑ ԲՈՒՍՆԵՑ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԵՐԿՆՔԻՑ»
Նախ՝ Սուրբ Զատկի մասին խոսելուց առաջ, մի քանի խոսք ասենք Աստծո օրենքի և Քրիստոսի փրկչական առաքելության մասին, որ առավել պատկերացնենք մեր քրիստոնյաներ լինելու կատարելությունն ու կարևորությունը, որ առավել պատվենք Սուրբ Զատիկը՝ Տիրոջ կարևորությունն առավելս գնահատելով և արժեքավորելով:
Աստծո օրենքը մշտական է, և ինչպես Քրիստոսից առաջ կար, պահպանվեց և մնալու է հավիտյան, մի բան, որ վկայել է Սուրբ գիրքը: Սակայն մինչ Մովսեսն օրենք չկար, և մարդիկ մեղքի պատճառով կրկին մեռնում էին: Ասել է` օրենքը չէ, որ կյանք էր տալիս մարդուն: Բայց օրենքը եղավ, որ մարդը ճանաչի մեղքն ու զգուշանա դրանից, ինչի պատճառով մեռնում է: Եվ օրենքը պահելով մարդը կկարողանար ապրել: Եվ մարդն սկսեց ըստ օրենքի կենդանիների զոհագործություններ անել, որ մեղքից քավություն գտներ ու կարողանար շարունակել ապրելը: Սակայն մարդասիրության տեսանկյունից Աստված Ինքն օրենքն անկատար գտավ, քանի որ օրենքը մեքենայական էր, մարմնավոր, իսկ Աստված Սեր լինելով՝ Հոգի է ու Հոգևոր, և մարդու հոգևոր դարձն էր որոնում, որովհետև ոչ մի մարդ մարմնային օրենքով չէր կարողանա արդարանալ Նրա առաջ, քանի որ «Հոգի է Աստված»՝ Իր բնույթով՝ Շնորհ և Ճշմարտություն: Մարդուն շնորհ էր անհրաժեշտ, որովհետև շնորհները (հանճար ու տաղանդ) հոգևոր են, որոնք ճիշտ գործադրելով մարդը կկարողանար հեռու մնալ մեղքի աշխարհից, նույնն է թե՝ մահից, այդպես մնալով նաև ամենակարևորը՝ հոգևոր: Օրենքը դատաստանի համար է, Շնորհը՝ նույն դատաստանից՝ մարդու ապաշխարությամբ փրկության և մեղքից հեռու պահելու: Օրենքը Աստծո տան մեջ ավելի մարմնավոր, հոգով ավելի տհասների համար է, որ Շնորհի կատարյալ բնույթից հեռու օրինականներն այդ տան մեջ ծառաներ լինելու են կոչված և, հիմնականում ու ըստ օրենքի, արդարացիորեն՝ մեղքի պատժով են որևէ բան ըմբռնում կամ պատիժ տալով արդարանում մեղքից կամ, լավագույն դեպքում, պատժից վախենալով՝ գոնե չեն խանգարում շնորհին: Իսկ Շնորհը Աստծո որդիների համար է, որոնք, ըստ էության, տեր ու հրամանատար են տան ծառաների վրա, այսինքն՝ շնորհը չընդունող օրինականների, որովհետև Շնորհի որդիները լույսի որդիներ են: Սակայն աշխարհում հակառակն է ընդունված, քանի որ աշխարհի իշխանությունները մեծ մասամբ ծառաների ձեռքում են, և նրանց տերերը՝ Աստծո շնորհալիները, լույսի որդիները, հաճախ ու մեծ մասամբ ճնշման ու հալածանքի տակ են գտնվում կեղծավորության հետևորդ, անաստված ու անխիղճ օրինականներից ու փարիսեցիներից, որովհետև օրինականներն ու փարիսեցիները գրավվում են մարմնավոր մեծամեծ հարստություններով, իսկ լույսի որդիներին մարմնավոր հարստությունները չեն գրավում և նրանց համար նպատակ են Սուրբ Հոգու հանդիմանանքներն ավելի, քան ժամանակավոր բոլոր հարստությունները միասին:
Հին ուխտի ժամանակ օրենքը պահող բոլոր մեծամեծ մարդիկ, ինչպես Գիրքն է վկայում, տարվեցին դժոխք, և հետագայում է, որ Քրիստոսն Իր Հարությամբ նրանց հավատավոր մասին հանեց դժոխքից, քանի որ նրանց հավատավոր մասը ո՛չ թե օրենքի վրա հույս դրեց, այլ, թեպետ օրինապահ էին, սակայն հիմնականում հավատի վրա էր նրանց հույսը, որով Աստված խոստում էր տվել ապագայում արդարացնել նրանց Քրիստոսով: Դավիթ մարգարեն, որ թագավոր էր, այդ մասին իր սաղմոսում, որ հավատի խնդրանք է` ուղղված աշխարհ եկող Աստվածամարդ Քրիստոսին, իր Փրկչին, գրում է. «Գիտեմ, որ իմ հոգին չես թողնելու դժոխքում»: Կրկին փաստելով, որ փրկությունը Քրիստոսից է, Աստծո ողորմածությամբ և բոլոր ժամանակների համար, այդ լինի Քրիստոսից առաջ, թե Քրիստոսի աշխարհ գալուց հետո, այսինքն՝ Ադամից սկսած մինչև ավարտն աշխարհի:
Որովհետև, եթե մեծամեծ օրինապահներն օրենքով Աստծո առաջ փրկություն չգտան, այլ միայն հավատով և խոստմամբ փրկվեցին, ապա որքա՜ն առավել դեռ օրենք չունեցող ժողովուրդներս, որ բազում մեղքերի ենք պարտապան, ըստ Աստծո օրենքի, մանավանդ դարաշրջանի այլանդակ ալեկոծությունների մեջ ապրելով, ուր ո՛չ Աստծո օրենքն են ճանաչում կամ հաշվի առնում, ո՛չ էլ առավել ևս Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, Որով և եղավ Շնորհը՝ ուղղադավան մարդկանց համար: «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»,- հայտարարեց Հիսուսն ամենքին: Երբ միևնույն ժամանակ ասվում է, թե «արդար ո՛չ մի մարդ չկա Աստծո առաջ, ո՛չ իսկ մեկ հոգի»: ՈՒստի և յուրաքանչյուր մարդ իր համար ամենալավ բանը, որ առաջնահերթ կամենա անել, Քրիստոսին դառնալն է, որով է միայն մոտենալը Շնորհին և ճշմարտությանը, այդպես որդիանալով իր Արարիչ Աստծուն:
Աստված գիտեր, որ օրենքով ոչ ոք չի կարող արդարանալ Իր առաջ, այդ բանի համար Նոր ՈՒխտ տվեց, իսկ նախկինը, որ օրենքն է, այդպես անվանելով՝ Հին: Այս Նոր ուխտով պիտի օրենքը կատարելապես Մեկ Հոգի պահեր՝ ամենքի համար, իսկ մնացածը որպես շնորհ պիտի փրկվեին Նրա կողմից օրենքը պահելով: Եվ Աստված, քանի որ երկրի վրա չէր կարող լինել նման մի մարդ, որ Իր սահմանած կյանքի օրենքները լիարժեք պահել կարողանար, աշխարհ առաքեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ որպես մարդ ծնվեց ու ողջ օրենքը կատարելապես կատարելուց հետո պատժող օրենքի առաջ կանգնեց որպես Գառն Աստծո և ասաց՝ սրանք, որ Ինձ վրա են հույս դրել, մինչև այս աշխարհի ավարտն Ինձ հավատացող բոլոր ապրողները, ամենքն էլ Իմ անվան մեջ են, այս մեղավորների համար Ես անմեղ լինելով հանձն եմ առնում նրանց ամենքի փոխարեն մահապատժի ենթարկվել, որ իրենք ազատ լինեն օրենքի դատաստանից, երբ Ինձ ընդունեն որպես Տեր ու Փրկիչն իրենց անձերի և լսեն Իմ խոսքերը հիշեցնող Սուրբ Հոգուն, որ իմ անունով Արարիչ Հայրը պիտի ուղարկի նրանց մեջ. «Այս ճանապարհով անգամ պոռնիկները ապաշխարությամբ ավելի առաջ կմտնեն Աստծո արքայություն, քան կոչված այն որդիները, ովքեր չընդունեցին, որ Ես Աստծուց առաքվեցի»,-հայտարարեց Հիսուսը՝ Աստծո Որդին: Եթե անգամ պոռնիկները, ապա առաքինիները (արդարները) «արեգակների նման են փայլելու», վկայում է Գիրքը:
«Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան»,- վկայեցին առաքյալները: Սակայն Քրիստոսն օրենքը չվերացրեց։ «Ես եկա օրենքը լրացնելու և ոչ թե վերացնելու կամ ջնջելու»,- ասաց Նա: Առաջ մարդիկ մարմնավոր անգիրով գիտեին օրենքը, իսկ Քրիստոսով. «Եթե սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ զորությամբ, քո ամբողջ սրտով ու մտքով և սիրես ընկերոջդ քո անձի նման, ավելին է, քան օրենքով կատարվող բոլոր զոհերը»: Եվ կամ` «այն ամենը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարէները»: Եվ կամ` «բայց ա՛յս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը:- Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտո՛ւմ պիտի գրեմ դրանք. և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն: Եվ յուրաքանչյուրն այլևս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը, և պիտի չասեն, թե՝ ճանաչի՛ր Տիրոջը, որովհետև պիտի ճանաչեն ինձ բոլորը՝ նրանց փոքրերից մինչև ամենամեծերը. քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրինությունները այլևս չպիտի հիշեմ»: Այսինքն, քրիստոնյա մարդը ոչ թե օրենքներն է սովորում, այլ Փրկչական մի քանի տիեզերական ու լուսավոր պատգամներ իր կյանքում պահելով՝ կատարած է լինում հարյուրավոր կարևոր օրենքներ: Ահա թե որքան մեծ է Շնորհի գերազանցությունն օրենքի հանդեպ:
Հիսուսը, որպես Գառն Աստծո, զոհվեց հին զատկի՝ ամենամյա կենդանիների զոհաբերման ժամանակ և այդպես կենդանիների նախկին զոհագործությունն այլևս դարձրեց հին: Հիսուս Քրիստոսը զոհագործվեց և թաղման երրորդ օրը Հարություն առավ մեռելներից:
Հին զոհի մսի փոխարեն Քրիստոսն Իրեն հավատացողներին տվեց ուտելու Իր՝ Աստծո Գառան մարմինը` անթթխմոր հացը, և խմելու Աստծո Գառան Իր օրհնյալ արյունը` գինին, որպես քավության և կյանք առնելու ամենամեծ Խորհուրդ, որ կա մարդ արարածի համար: Այս խոստում էր` Աստված և մարդ փոխհարաբերման, որ սակայն ապաշխարելով պիտի ճաշակել, «առանց Աստծուն փորձելու», ինչպես Պողոս առաքյալն է խրատում: Այսինքն, ըստ եկեղեցու հաղորդությունը ճաշակել և ոչ թե ըստ Աստծուն փորձող ինքնակոչների, որ իրենց սեփական խախտվածությամբ ձգտում են սուրբ հաղորդությունն ապականման դրդել՝ ջուր խմելու գայթակղելով:
Հիշենք, որ սուրբ հաղորդությունը վաղվա մեր հարություն առնելու կենդանի սերմնահատիկն է. տիեզերական մի փոխհարաբերում, բանավոր մեկ մարմին դառնալն Աստծո Որդու հետ, ըստ այդմ էլ՝ Արարիչ Աստծո ու Սուրբ Հոգու հոգածու սերը հրավիրելով մեզ վրա: «Նա, ով չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը, այդպիսին իր մեջ կյանք չի ունենա»,- ամենքիս ասաց Քրիստոս Աստված: Որ արժանավորությամբ, երկյուղածությամբ և պատվարժանությամբ ճաշակենք Աստծո մարմինն ու արյունը:
Եվ Հիսուս Քրիստոսը հավատացյալներիս ժառանգություն թողեց հավիտենական Կյանքի Դասագիրքը` Ավետարանը, որ Աստծո Նոր Կտակն է` ուղղված յուրաքանչյուրիս, ով հավատում ու լսում է Քրիստոսին և հավատում ու լսում է Աստծո կողմից քրիստոնյաներիս առաքված սուրբ Հոգուն, որ անվանվում է Հոգին Ճշմարտության և Մխիթարիչ, և որին այս աշխարհը չի ճանաչում:
Քրիստոսն ինչպես Ինքը Հարություն առավ, խոստացավ նույն կերպ, իր մարմինն ու արյունը (հացն ու գինին) ճաշակող, մահացած քրիստոնյաներին ևս այս աշխարհի ավարտին արժանացնել հարության, այլևս հավիտյան Իր մոտ ապրեցնելու համար:
Զատկի ձվերի կարմիր ներկելը Փրկչի Խաչելության արյամբ երկրագնդի փրկագործության խորհրդանշանն է համարվում: Այն, որ Աստված բոլոր մարդկանց է սիրում, նրանց, ովքեր դարձի գան, իսկ Նրան չընդունողները պիտի հայտնվեն իրենց իսկ մեղքերի դատաստանի մեջ, որովհետև չհավատացին, որ Քրիստոսով է միայն մարդ արարածի մեղքերի քավությունը, մարդ արարածի մխիթարությունը և հույսը` հոգով հավիտենական կյանքին սպասելու:
«Աստծո արքայության մեջ այստեղ՝ երկրում էլ կարող եք ապրել։ Աստծո արքայությունը ձեր մեջ է, որ ի հայտ է լինում բանական սիրո լեզվով»,- Իր Վարդապետության ըմբռնմամբ ասաց Հիսուսը՝ մատնանշելով Աստծուն ամեն բանից վեր զորությամբ սիրելու և ընկերոջն անձի պես սիրելու ոսկե պատվիրանները:
«Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, պիտի համբուրվեն արդարությունն ու խաղաղությունը՝ Աստծո սիրո մեջ:
Ճշմարտությունը երկրից բուսնեց, արդարությունը հայտնվեց երկնքից:
Տերը պիտի տա քաղցրությունն Իր, և երկիրն այդժամ քաղցրության տակ պիտի պտուղ տա, արդարությունը պիտի ընթանա Տիրոջ առջևից, և ուր էլ քայլի՝ Նրա հետևից պիտի ընթանա» (Սաղմոս 84):
Զատկի վեհասքանչ տոնը, կապված լինելով լուսնի փուլերի հետ, եկեղեցու համար շարժական է:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ